ՌԴ–ում կարծում են, որ Հայաստանը Արևմուտքի ճնշման պատճառով խուսափում է կապերից ԱԳՆ–ի և ՊՆ–ի գծով

05.06.2024, 11:19
ՌԴ–ից հայտարարել են, որ Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ–ի հետ կապերում ԱԳՆ–ի և ՊՆ–ի գծով, ինչն Արևմուտքի ճնշման արդյունքն է
ՌԴ–ում կարծում են, որ Հայաստանը Արևմուտքի ճնշման պատճառով խուսափում է կապերից ԱԳՆ–ի և ՊՆ–ի գծով

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ–ի հետ կապերում ԱԳՆ–ի և ՊՆ–ի գծով, ինչն Արևմուտքի ճնշման արդյունքն է, ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«2023 թվականի նոյեմբերից ի վեր ԱԳ նախարարների հանդիպումներ չեն եղել։ Գործընկերները հետաքրքրություն չեն ցուցաբերել արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների հերթական պլան մշակելու և կնքելու վերաբերյալ։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է ստիպել Երևանին նվազեցնել կապերը մեր երկրի հետ», – նշել է փոխնախարարը։

«Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք, որ խնդրահարույց հարցերի և գրգռիչների վերացման ուղղությամբ աշխատելու Հայաստանի իշխանությունների հրապարակային մտադրությունը կստանա գործնական կիրառություն։ Մենք պատրաստ ենք դրան», - ընդգծել է Գալուզինը։

Միաժամանակ փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում։ «Օրերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում, մանրամասն զրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փետրվարին հանդիպել է իր հայ գործընկերոջ հետ»,- նշել է Գալուզինը։

«Առևտրատնտեսական ոլորտում ունենք ամենազգալի արդյունքները,- ասել է Գալուզինը։

«Արդյունավետ աշխատում է տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովը։ Կանոնավոր կերպով, այդ թվում՝ ԵԱՏՄ–ի գծով հանդիպումների շրջանակում, շփվում են հանձնաժողովի համանախագահները՝ ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Օվերչուկն ու ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը։ Փոխգործակցում ենք հայ գործընկերների հետ նաև մշակութային–հումանիտար ոլորտում», – ասել է Գալուզինը։

Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը Հայաստանին չի մատակարարել անհրաժեշտ և վճարված զենքը (խոսքը 250մլն դոլարի պայմանագրերի մասին է), Հայաստանը գտել է նոր գործընկերներ, որոնց թվում են Հնդկաստանը, Ֆրանսիան և ԵՄ մի շարք երկրներ։