ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ –ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրես»–ին տված հարցազրույցում մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որը բուռն արձագանք էր ստացել հայկական հասարակության շրջանում։
Ավելի վաղ Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Բելառուսի միասնական պետությանը կարող են միանալ նաև մյուս հետխորհրդային հանրապետությունները։ Միաժամանակ, անդրադառնալով Հայաստանին, նա հայտարարություններ էր արել, որոնք բուռն վրդովմունք էին առաջացրել։
«Հայաստանը փախչելու տեղ չունի: Ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - հայտարարել է Լուկաշենկոն:
«Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի և մեր բոլոր դաշնակիցների մոտեցումն այն է, որ ինտեգրման գործընթացներն, անշուշտ, շատ մեծ կարևորություն ունեն, և մենք պատրաստ ենք գնալու այդ ճանապարհով այնքան, որքան դա համապատասխանում է մեր երկրների շահերին», – նշել է Կոպիրկինը։
Նա ընդգծել է շատ սկզբունքային մի հանգամանք, որ ինտեգրման այդ գործընթացները յուրաքանչյուր մասնակից պետության ինքնիշխան ընտրության արդյունքն են:
«Ուստի կարծում եմ, որ փոխգործակցության, ինտեգրման այն ձևաչափերը, որոնք կարող են ի հայտ գալ կամ զարգանալ, կախված են, առաջին հերթին իրական վիճակից և մեր երկրների պահանջներից, ինչպես նաև՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխան որոշումից։ Հիմա մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, և դա հենց յուրաքանչյուր մասնակից պետության քաղաքական, ինքնիշխան և գիտակցված ընտրության արդյունքն է: Ահա այդպես էլ մենք դրան վերաբերվելու ենք», – նշել է Կոպիրկինը։
Նշենք, որ Լուկաշենկոյի հայտարարությունը մեկնաբանել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` հայտաևարելով, որ Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա:
«Քանի որ նման խնդիր չկա, իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է և այդպես էլ լինելու է»,- ասել է Գրիգորյանը։–0–