ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քննարկվում է տրանսպորտային երթուղին վերականգնելու նախագիծ, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ` Հայաստանի Սյունիքի մարզով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ։
«Աշխատանքներն իրականացվում են փոխվարչապետերի համանախագահությամբ, քննարկվում է տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծը, որը կապում է Ադրբեջանը ՀՀ Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս նախագծում տեսնում ենք զգալի ներուժ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու համար»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և պայմանավորվածության հասնելու պատրաստակամությունից։
Երկաթուղու վերականգնման ծրագրի մասին
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը, որի արժեքը մոտ 200 մլն դոլար է գնահատվում։
Այս երկաթգծով Հայաստանը ելք կունենա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ կունենա Նախիջևանի հետ։
Երասխը գտնվում է Արարատի մարզում, Մեղրին Սյունիքում է։ Մնացած բնակավայրերը՝ Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Հորադիզ, ադրբեջանական քաղաքներ են: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում