ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չարժե Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել` ելնելով վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքից և հանուն Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանման, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ինչ վերաբերում է Վրաստանի նկատմամբ տարատեսակ պատժամիջոցների, ես չէի անի նման բան` հենց ելնելով վրացի ժողովրդի նկատմամբ հարգանքից։ Մեկը դուրս եկավ, ինչ–որ բան «դուրս տվեց»` իրենից ինչ–որ բան ձևացնելով, նրա մասին ոչ ոք չգիտեր, իսկ հիմա բոլորը խոսում են, դե այս իմաստով նա հասավ իր ուզածին։ Նրան երկու ամսով հեռացրեցին, նա գնաց հանգստանալու, հետո կգա, կշարունակի աշխատանքը։ Սակայն կան մարդիկ, ովքեր Վրաստանում դեմ են այդ ամենին», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի կարծիքով, «հանուն այդ մարդկանց, հանուն Ռուսաստանի և Վրաստանի միջև լիարժեք հարաբերությունների վերականգնման, ես չէի ձեռնարկի ինչ–որ բան, որը կբարդացներ մեր հարաբերությունները»։
Նրա խոսքով, Վրաստանում հակառուսական տրամադրություններ են տարածում մարդիկ, ովքեր չգիտեն պատմությունը և վնասում են հենց այդ երկրի քաղաքացիներին։
«Ժամանակակից Վրաստանում հակառուսական տրամադրություններ տարածում են այն մարդիկ, ովքեր կամ ոչինչ չգիտեն, կամ գիտեն, սակայն անտեսում են և արդյունքում անուղղելի վնաս են հասցնում հենց Վրաստանին», – հայտարարել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ ժամանակին հորդորել է Միխայիլ Սահակաշվիլուն «ոչ մի դեպքում թույլ չտալ որևէ ռազմական գործողություն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ»։
«Ամերիկացիներին նույն բանն եմ ասել, այո, ոչ մի դեպքում։ Եվ ի՞նչ արեցին։ Ոչ, գնացին պատերազմով, և ահա արդյունքն այսօր հայտնի է։ Ռուսաստանը պարզապես ստիպված էր ճանաչել այդ երկու հանրապետությունների անկախությունն ու պաշտպանել և′ Աբխազիայի, և′ Հարավային Օսեթիայի ժողովրդին», – նշել է ՌԴ նախագահը։–0–