Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
21:11
25 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել այսօր Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ:
Ամեն ինչ սկսվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների «կարգավորման լուրջ նախադրյալների» առկայության մասին Ալիևի հայտարարությունից հետո:
«Կան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա: Այսօր, ռուսական կողմի նախաձեռնությամբ, տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնացկությամբ», - նշեց նա:
Ալիևը հայտարարեց նաև այն մասին, որ Հայաստանը, փաստացի, ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս՝ հիշեցնելով այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքի բացման իր նախաձեռնութան մասին և ասել է, որ Լաչինի «ճանապարհն» աշխատում է (Լաչինի միջանցքը՝ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը, որը փակվել է Ադրբեջանի կողմից 2022թ.-ի դեկտեմբերի 12-ին, խմբգր.):
Ալիևի այս հայտարարություններն անպատասխան չմնացին: Փաշինյանը հիշեցրեց Ալիևին միայն մեկ միջանցքի՝ Լաչինի միջանցքի գոյության մասին, որն այսօր արգելափակված է Բաքվի նախաձեռնությամբ: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կատարում 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները:
Փաշինյանը հիշեցրեց նաև Արցախի բնակիչների իրավունքների մասին, որոնք պետք է պաշտպանված լինեն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի փաստացի ոտնձգությունների մասին:
Ալիևը շտապեց ժխտել այդ մեղադրանքները և փորձեց հերքել Փաշինյանի բերած օրինակները:
«Ուզում եմ ասել, որ մենք չունենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է «միջանցք» բառին, որը ես օգտագործեցի, ապա այն նույն կերպ օգտագործեցի «Հյուսիս-Հարավ» միջանցքի դեպքում: Այդ բառը նույն կերպ օգտագործվում է նաև «Արևելք-Արևմուտք» միջանցքի դեպքում: «Միջանցք» բառը որևէ կերպ չի համարվում ոտնձգություն որևէ տարածքի նկատմամբ: Դա միջազգային տերմին է», - հայտարարեց Ալիևը:
Նրա խոսքով, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ձևավորման հարցում ադրբեջանական կողմի նախաձեռնությանն աջակցել է Մոսկվան:
Այս հայտարարությունը տարակուսանք առաջացրեց Փաշինյանի մոտ: «Շատ հետաքրքիր էր իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն նախագծին, որի մասին խոսում եք: Անկեղծ ասած, ես դրա մասին առաջին անգամ եմ լսում», - ասաց ՀՀ վարչապետը:
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին հայտարարությանն ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Մենք դա չենք տեսնում»:
Լեզվակռվին միջամտեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը կհաջողվի հասնել կոնկրետ պայմանավորվածությունների, որոնք թույլ կտան կառուցողական զարգացման ճանապարհի հանել ոչ միայն Երևանն ու Բաքուն, այլև ամբողջ տարածաշրջանը:-0-
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը