ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Financial Times–ը հայտնում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև խաղաղ բանակցությունների վերսկսման մասին։
«Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի հանդիպում կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»,- Financial Times-ին հայտնել են երեք իրազեկ աղբյուրներ։
Հրատարակությունը նշում է, որ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը հակամարտությունում ներգրավված հարևան երկրների միջև «վիճելի սահմանի շուրջ վերջին ռազմական գործողություններից հետո»։
Նշվում է, որ սա կլինի երկու առաջնորդների առաջին անձնական հանդիպումը փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից հետո և անցյալ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների լայնածավալ քննարկումներից հետո։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ բանակցությունները «շոշափելի առաջընթաց են արձանագրել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ», և որ «համաձայնությունը տեսանելի է, հասանելի»:
Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է», - Financial Times-ին ասել է երեք պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով, քանի որ (հանդիպման) մանրամասները դեռևս չեն հրապարակվել՝ հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը «փոխադարձ ամրապնդող» և «կոմպլեմենտար երկկողմանի գործընթացներ են»։
Երկու աղբյուրների խոսքերով, երեք առաջնորդները նաև նախատեսում են հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
Միշելի և Ալիևի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։ Փաշինյանի մամուլի քարտուղարը չի պատասխան մեկնաբանության մասին հարցմանը։
«Բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանան Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի վերջին որոշման վրա, որը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհն է։ Դրանք նաև նվիրված կլինեն սահմանազատմանը, գերիների փոխանակմանն ու հազարավոր ականների ականազերծմանն ուղղված ջանքերին», – գրում է Financial Times-ը:–0–