Փաշինյան. պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել

17.10.2023, 15:28
Փաշինյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին
Փաշինյան. պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ:

«Իհարկե, այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը, որի մասին պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք էր բերվել հուլիսի 15-ին Բրյուսելում և այդ պայմանավորվածությունը նույնպես արտահայտված է հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ, ահա այդ հանդիպմանը չգալը մեր գործերը չհեշտացրեց», – ասել է վարչապետը։

«Մենք այս տարվա ընթացքում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք և եթե վերը հիշատակված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն` մինչև տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական», – նշել է նա։

Փաշինյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է նաև բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ է նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում:

«Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել եւ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ: Բայց ի հեճուկս այս ամենի, մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն», – ընդգծել է Փաշինյանը։–0–