Փաշինյան–Էրդողան հանդիպում նախատեսված չէ.փոխվարչապետ

23.09.2021, 21:18
Պապիկյանը հայտարարել է որ Փաշինյան–Էրդողան հանդիպում նախատեսված չէ
Փաշինյան–Էրդողան հանդիպում նախատեսված չէ.փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի միջև հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը` պատասխանելով «Ազատություն» ռ/կ–ի Facebook–յան օգտատերերի հարցերին։ 

«Մեկնաբանություն չունեմ, ես հիմա պիտի Էրդողանին մեկնաբանե՞մ՝ Էրդողանն ինչ է ասել», – հայտարարել է Պապիկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը Էրդողանին հանդիպման առաջարկ է արել, ինչին հաջորդել է Էրդողանի արհամարհական տոնը: 

«Կարծում եմ՝ ինչ մեկնաբանություն տրվել է, բավարար է»,– ասել է Պապիկյանը։ 

Սեպտեմբերի 19–ին Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել։ Ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։

«Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք», - ասել է Էդողանը։

Հաջորդ օրը Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների:

Նա հիշեցրել է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ», և Փաշինյանը միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում։–0–