Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը քննարկել են սահմանային իրավիճակի մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ներդրումը

05.10.2022, 10:54
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը
Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը քննարկել են սահմանային իրավիճակի մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ներդրումը
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն:

Կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ:

«Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը:–0–