Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին

23.05.2023, 14:57
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետը ողջունել է պարոն Դոքերթիի այցը Հայաստան և կարևորել Միացյալ Թագավորության հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն ունեն առաջընթացի մեծ ներուժ:

Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ:

Մասնավորապես, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցությանը, արևային էներգետիկայի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկա բրիտանացի ներդրողների ներգրավմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը: Վարչապետը նշել է, որ ոչ միայն միջանցքը շրջափակելու, այլ նաև ԼՂ ժողովրդին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից զրկելու Ադրբեջանի քաղաքականության նպատակն է էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:–0–