ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող խրախճանքներ, հարցումներ, իսկ հետո էլ բոլորով երջանկանում ու հպարտանում են կատարած վայրագությունների համար, խրախուսում հայատյացության այլ դրսևորումներ, հայտնում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել ապացույցներ, որոնք հաստատում են այս ամենը: Օրինակ՝ ադրբեջանական սոցիալական ցանցի այս էջում տեղադրված է գլխատված մարմնի լուսանկար, հայտարարված է, թե խոսքը վերաբերում է հայ զինծառայողի ու կազմակերպված է քվեարկություն՝ բացառիկ ցինիզմով ու ատելություն բորբոքելու մտադրությամբ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս ամենը փաստագրել է և սահմանված կարգով կներկայացնի միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության», – նշվում է Թաթոյանի հաղորդագրության մեջ:–0–