«Լավ չեմ պատկերացնում, թե ինչու իրենք պիտի դա մերժեն»․ Փաշինյանը խոսել է երկաթուղու հարցով Ադրբեջանին արված առաջարկի մասին

31.01.2025, 15:02
Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում Հայաստանի իրավազորության շրջանցումով, ասել է Փաշինյանը
«Լավ չեմ պատկերացնում, թե ինչու իրենք պիտի դա մերժեն»․ Փաշինյանը խոսել է երկաթուղու հարցով Ադրբեջանին արված առաջարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի շրջանակում Հայաստանն առաջարկել է, որ արևմտյան Ադրբեջանից, այսինքն Ադրբեջանի արևմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով լինի հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ, նաև Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար և Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար։

«Այդ առաջարկի կարևոր նրբություններից մեկը այն է, որ հաշվի առնելով նաև մթնոլորտը, հարաբերությունների լարվածությունը, այս փուլում որոշ ժամանակ մենք սկսենք բեռնափոխադրումները, հետո, երբ որ մթնոլորտը ավելի համապատասխան կլինի, կմտածենք նաև ուղևորափոխադրումների մասին։ Հիմա անկեղծ ասած, սպասում ենք Ադրբեջանի դրական պատասխանին: Եթե շատ անկեղծ լինեմ, նաև Ադրբեջանի դիրքորոշումները իմանալով, այն որ բանակցությունների ընթացքում արտահայտվել է, լավ չեմ պատկերացնում, թե ինչու իրենք պիտի դա մերժեն, որովհետև մենք լուծում ենք գտել, որ երկուսիս առաջադրած խնդիրներն էլ լուծում են», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, այս առաջարկը լիարժեք համապատասխանում է խաղաղության խաչմերուկ ծրագրի շրջանակներում բարձրաձայնված սկզբունքներին, բայց համապատասխանում է նաև այն ակնկալիքներին, որը Ադրբեջանն է բարձրացնում բանակցությունների ընթացքում:

«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցումով», – ասաց Փաշինյանը։

Երկաթուղու վերականգնման  նախագծի մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը, որի արժեքը մոտ 200 մլն դոլար է գնահատվում։

Այս երկաթգծով Հայաստանը ելք կունենա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ կունենա Նախիջևանի հետ (Ադրբեջանի էքսկլավ)։ 

Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է կյանքի կոչել այս նախագիծը, սակայն նշեց, որ կոնկրետ արդյունքներ չկան։