ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը պատրաստ է բազմակողմանի փոխգործակցել Գերմանիայի հետ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի բոլոր հանգամանքները պարզելու համար, սակայն Բեռլինը չի պատասխանել ավելի վաղ ուղարկված պաշտոնական հարցումներին, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«Մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք և շահագրգիռ այս թեմայով համագործակել և տվյալներ փոխանակել ԳԴՀ–ի հետ», – հայտարարել է Պեսկովը։
Պեսկովն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչպես են Կրեմլում արձագանքելու Բեռլինի այն հայտարարություններին, որ Նավալնուն իբր թունավորել են «Նովիչոկ» տեսակի նյութով։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մասնավորապես նշել է, որ հիմա Կրեմլում չեն կարող պատասխանել այդ հարցին։
Ինչպես հիշեցրել է Պեսկովը, ՌԴ գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել գերմանական կողմին` հույս ունենալով ստանալ պաշտոնական պատասխան։
Նա ավելացրել է, որ ռուս բժիշկները ևս առաջարկել են տվյալների պաշտոնական փոխանակում և դեռ պատասխան չեն ստացել գերմանացի գործընկերներից։
Նա ընդգծել է, որ մինչ Նավալնուն Բեռլին տեղափոխելը, ըստ բոլոր միջազգային չափորոշիչների, Ռուսաստանում կատարել են մի շարք անալիզներ, «որևէ թունավոր նյութ չի գտնվել»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Ալեքսեյ Նավալնուն «ուզում էին ստիպել, որ լռի»։
«Ցնցում է տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանի առաջատար ընդդիմադիրներից մեկին փորձել են սպանել թույնի միջոցով։ Ալեքսեյ Նավալնին դարձել է հարձակման զոհ` «Նովիչոկ» տեսակի թունավոր քիմիական նյութի օգտագործմամբ։ (Նրա) անալիզներում հաջողվել է գտնել այդ թույնի առկայությունը», – նշել է Մերկելը։
Բեռլինը կոչ է արել Մոսկվային պարզել Նավալնու հետ տեղի ունեցածի հանգամանքներն ու խոստացել է տեղեկացնել ՌԴ դեսպանին անալիզների արդյունքների մասին։
Ինչպես ասուլիսի ժամանակ նշել է ԳԴՀ նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, Գերմանիան կտեղեկացնի ԵՄ–ին, ՆԱՏՕ–ին և Քիմիական նյութերի արգելման կազմակերպությանը նոր տվյալների մասին և գործընկերների հետ միասին միջոցներ կձեռնարկի`«կախված Մոսկվայի արձագանքից»։ Նա չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը։–0–