Կոմպլեմենտարության կորիդորը մի քիչ ընդլայնվելու է, բայց Հայաստանն ինքն իրեն թշնամացրել է Ռուսաստանի հետ․ Քոչարյան

17.02.2025, 12:18
Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ, այդպես ուղղակի միջազգային հարաբերություններում չի լինում, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Կոմպլեմենտարության կորիդորը մի քիչ ընդլայնվելու է, բայց Հայաստանն ինքն իրեն թշնամացրել է Ռուսաստանի հետ․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ, այդպես ուղղակի միջազգային հարաբերություններում չի լինում, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին։

«Բայց մի բան շեշտակի փոխվում է. վերջին տարիների ընթացքում կոմպլեմենտարության կորիդորը շատ նեղացել է: Հիմա այդ կոմպլեմենտարության կորիդորը մի քիչ ընդլայնվելու է. իմ տպավորությամբ, մենք չպետք է սև ու սպիտակով նայենք այս պրոցեսներին: Եթե Թրամփը հայտարարում է, որ սխալ էր Ռուսաստանի G8-ից հեռացնելը, ՌԴ-ն պետք է հետ գա միջազգային հարաբերությունների այդ մակարդակին, սա նշանակում է, որ ամբողջությամբ նոր հնարավորություններ են բացվում նաև Հայաստանի համար արտաքին քաղաքականությունը վարելու համար», – ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ պարտադիր չէ թռնել Արևմուտքի կամ որևէ մեկի գրպանը։

«Դու կարող ես որպես պորտնյոր, ճիշտ քաղաքականություն վարելով ՌԴ-ի հետ, չթշնամանալ Արևմուտքի հետ: Այդ պատուհանը բացվում է: Բայց ՀՀ այս վարչակազմը արդեն այդ մակարդակով ինքն իրեն թշնամացրել է Ռուսաստանի հետ, և ամեն ինչ արել է, որ այդ վատ վերաբերմունքը տարածվի նաև ՌԴ-ի վրա որպես երկիր: Ռուսաստանի ընկալումը Հայաստանում այսօր լավը չի, որովհետև մենք գործում էինք սխալներ և փորձում էինք դա գցել Ռուսաստանի վրա: Սա անհետք չի անցնելու»,- հայտարարեց Քոչարյանը:

Նրա խոսքով, ամենալավ տարբերակն այն է, որ հետագա տարբեր ֆորմատների մեջ Հայաստանը ներկայացված չլինի այս մարդկանցով, որոնք «փչացրել են ամեն ինչ»:

«Եթե այդպես լինի, նոր աշխարհակարգում Հայաստանը հնարավորություն կունենա ճիշտ դրսեւորել ինքն իրեն», – ասաց նա։