ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կողմերի միջև կա նախնական ըմբռնում, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Загружается новость ... "Лево"
Նա անդրադարձել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանն այն մասին, թե իրենք կցանկանային, որ հանդիպումը լիներ Հայաստանում կամ Թուրքիայում:
«Կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով, բայց, ինչպես գիտեք, դրանք արդյունքի չեն հանգեցրել: Նկատի ունեմ՝ կարևորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է և հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց», – նշել է Հունանյանը։
Նրա խոսքով, հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։
«Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ», – ասել է Հունանյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ–ում
հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «լճացման» հավանականության մասին, եթե արագ արդյունքներ չգրանցվեն։–0–