Քեսաբ մտած զինյալները որևէ վնաս չեն պատճառել. մանրամասներ է պատմել տեղաբնակ հայուհին

09.12.2024, 22:14
Քեսաբում ընդդիմադիր ուժերը որևէ վնաս չեն պատճառել. տեղի հայությունն ապահով վիճակում է
Քեսաբ մտած զինյալները որևէ վնաս չեն պատճառել. մանրամասներ է պատմել տեղաբնակ հայուհին

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քեսաբում ընդդիմադիր ուժերը որևէ վնաս չեն պատճառել. տեղի հայությունն ապահով վիճակում է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քեսաբում բնակվող հեռուստալրագրող, ուսուցչուհի Թալին Գազազեանը:

«Մենք այստեղ հիմա լավ ենք: Իրենք որևէ կերպ մեզ վնաս չեն հասցրել և որևէ նեղություն չեն պատճառել: Մենք՝ հայերս, ապահով ենք»,-ասել է Գազազեանը՝ ավելացնելով, որ տեղում այս օրերին անորոշություն է տիրում:

Նրա խոսքով՝ հայ հոգևորականների հանդիպումն ու երկխոսությունը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ լավ մթնոլորտում է ընթացել, և վերջիններս հավաստիացրել են ապահովության հարցում:

Զրուցակիցը հայտնել է, որ Քեսաբ մտած զինյալները նույնիսկ սննդամթերք են տրամադրել բնակիչներին, քանի որ տեղի առևտրի կետերում սննդամթերքի սղություն է նկատվում:

«Ասացին, որ ամեն մարդ կարող է իր խանութը բացել, իր գործին վերադառնալ: Վաղվանից սկսած արդեն դպրոցներն էլ կգործեն»,-ընդհանրացրել է Գազազեանը: 

Նոյեմբերի 27–ին ընդդիմադիր զինված խմբավորումները սկսել են մասշտաբային հարձակումներ կառավարական ուժերի դեմ Հալեպում և Իդլիբում։ Դեկտեմբերի 7–ի երեկոյան Ասադի ընդդիմադիրները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը․ Դեյր–Էլ–Զորը, Դերաան, Համան և Հոմսը։ Առավոտյան նրանք ներխուժել են Դամասկոս, ինչից հետո բանակի ստորաբաժանումները հեռացել են քաղաքից։ Ասադը լքել է պաշտոնն ու երկիրը ներքին բանակցություններից հետո։