«Ինքնաոչնչացման վերջնական հանգրվան». Մարուքյանը մեկնաբանել է ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսելու հայտարարությունը

28.02.2021, 20:42
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հայտարարությունը ՀՀ նախագահի հնարավոր պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ
«Ինքնաոչնչացման վերջնական հանգրվան». Մարուքյանը մեկնաբանել է ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսելու հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հայտարարությունը ՀՀ նախագահի հնարավոր պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ։

Այսօր Հովակիմյանը հայտարարել է, որ առերևույթ հիմքեր կան ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։

«Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա, հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն:

Պատկերացնու՞մ եք՝ խորհրդարանում նման գործընթաց սկսեն: Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան», – գրել է Մարուքյանը Facebook–յան իր էջում։ 

Նշենք, որ փետրվարի 27–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդությունը։ Այն առարկություններով վերադարձրել է վարչապետի աշխատակազմ։ Փաշինյանը կրկին այն ուղարկել է նախագահին։–0–