Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ պատրաստվում է կուսակցություն հիմնել։
«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։ Կուսակցության անվանումը լինելու է՝
«Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»՝ ՄԱՍԿ», – գրել է Աղազարյանը Facebook–յան իր էջում։
Նա հայտնել է, որ հիմնադիր Համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարեն 2025 թվականի հունվարի երեքին։
Դեկտեմբերի 16–ին Հակակոռուպցիոն կոմիտեում Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Քրեական վարույթ է նախաձեռնվել ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ: Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով։
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3–ին ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ–ից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Ավելի ուշ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը տարբեր դրվագներով նման բնույթի տեղեկատվության և կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է կազմակերպել: Դրանք պարզվել են և դարձել հեռացման հիմքերից մեկը։
Ավելի ուշ Աղազարյանը հայտարարել է, որ իր հեռախոսը 10 օրից ավել գտնվել է քննիչների մոտ։ Հեռախոսը բացել են և հեռախոսի շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ։
Աղազարյան VS Քյարամյան
Հոկտեմբերի կեսերին խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ Աղազարյանը վիճել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Աղազարյանը Քյարամյանին կասկածում էր գործարարների վրա ճնշումներ գործադրելու և Քննչական կոմիտեի լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ Քյարամյանը հակադարձեց, որ Աղազարյանի որդու համար(ով, ըստ մամուլի հրապարակումների, զբաղվում է մեքենաների ներկրմամբ և վաճառքով, խմբ.) «երկու անգամ խնդրել են» և սրա մեջ կոռուպցիոն տարր կա։
Դրանից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել մանդատը։
Քրեական գործ
Աղազարյանի և Քյարամյանի միջև ծագած վիճաբանությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)։ Այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն։
Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։