Հովիկ Աղազարյանը Հակակոռուպցիոն կոմիտեում մի քանի ժամ հարցաքննվել է, հեռախոսն առգրավվել է

21.11.2024, 22:40
Հովիկ Աղազարյանն այսօր հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Նա մի քանի ժամ հարցաքննվել է
Հովիկ Աղազարյանը Հակակոռուպցիոն կոմիտեում մի քանի ժամ հարցաքննվել է, հեռախոսն առգրավվել է

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Նա մի քանի ժամ հարցաքննվել է, հայտնում է «Ազատությունը»։

Իշխող խմբակցության պատգամավորն «Ազատության» հետ զրույցում հաստատել է կոմիտեում գտնվելու փաստը: Հովիկ Աղազարյանը խոստացել էր ավելի ուշ պատասխանել «Ազատության» հարցերին, սակայն նրա հեռախոսահամարը դարձավ անհասանելի:

«Ազատության» տեղեկություններով՝ իշխանական պատգամավորի հեռախոսը քննիչներն առգրավել են, նա կոմիտեից հեռացել է առանց հեռախոսի:

Հակակոռուպցիոն կոմիտեից մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվել:

Հովիկ Աղազարյանն օրեր առաջ էլ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է մանր եղջերավորների գործով։ Ըստ այդ գործի՝ կասկածներ կան, որ նա ոչխարների արտահանման բիզնես է հովանավորել: Մի գործ էլ կոմիտեում հարուցվել է Քննչականի նախկին պետի հետ միջադեպից հետո, երբ խորհրդարանում Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, թե պատգամավորը իր որդու հետ կապված քրեական գործին միջամտել է:

Թե այսօր որ գործով են իշխանական պատգամավորին ժամեր շարունակ հարցաքննել, դեռ հայտնի չէ: Մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին: Նա «Ազատության» հետ զրույցում հերքել էր, թե վարչապետ Փաշինյանն իրեն հորդորել է մանդատը վայր դնել: Ասել էր, թե մանդատը մի պայմանով վայր կդնի, եթե Արգիշտի Քյարամյանը ապացուցի, որ ինքը, պաշտոնական դիրքն օգտագործելով, միջնորդել է որդու համար: