Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա

25.10.2023, 11:56
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:

Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ:

«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», - ասել է Կլաարը` հնարավոր նոր ժամկետներ չնշելով:

«Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ընդգծել է եվրոպացի դիվանագետը:

«3+3» ձևաչափի վերաբերյալ, որի շրջանակում երկու օր առաջ Թեհրանում կայացավ արտգործնախարարների հանդիպում, Կլաարն ասել է, որ թեև այն խնդիրը լուծող չէ, սակայն կարող է օգտակար լինել՝ «հակասություն չկա»:

Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:-0-