ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ինչու՞ Հայաստանը պետք է բանակցություններ վարի Լաչինի միջանցքի հարցով։ Նման հարցադրում է արել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն` անդրադառնալով Արցախի իշխանությունների տարածած այն
հայտարարությանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չեն համապատախանում համազգային պայքարի գաղափարներին և Արցախի իշխանությունների դիրքորոշմանը։
«Դրա համար էլ Արցախի ԱԽ-ն, իշխանությունները և ներկայացուցիչները ուղիղ բանակցելու և խոսելու հնարավորություն ունեն, և ինչպես վարչապետը նշեց՝ ՀՀ-ն սատար կկանգնի յուրաքանչյուր իրենք դիրքորոշմանը։ Անհասկանալի է՝ եթե խոսող կողմը դու ես, ի՞նչ անհամաձայնության մասին է խոսքը», – ասել է Սիմոնյանը նախօրեին լրագրողներին։
Загружается новость ... "Лево"
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով, Ազգային ժողովի նախագահը նշեց. «Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը, իսկ Հայաստանը ինչի՞ հաշվին վարի այդ բանակցությունները, եռակողմ համաձայնագրի մեջ կա՞ իր կողմից որևէ քայլ, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, ո՛չ չկա։ Ինչի՞ ենք ուզում մենք եռակողմ համաձայնագիրը, որը հիմք է հանդիսանում Արցախում ապրող հայերի, Լեռնային Ղարաբաղի անվանման և մնացած բաների համար, մենք առ ոչինչ սարքենք մեր գործողություններով։ Այսինքն այն պահից սկսած, երբ դու մտնում ես այդ խոսակցության մեջ` որպես կողմ, դու չեղյալ ես համարում նոյեմբերի 9-ի հայտարարությունը», – ընդգծել է Սիմոնյանը։
Նա չի բացառել, որ հակառակորդի նպատակը Հայաստանը ներքաշելն է այդ խոսակցության մեջ։
«Եվ նաև ենթադրում եմ, որ Լաչինի միջանցքը փակվել է հենց դրա համար, որպեսզի, օրինակ, մեզ պարտադրվի նման միջանցք Հայաստանի տարածքով։ Մենք ինչի՞ պետք է մտնենք էդ խոսակցության մեջ։ Այո՛, մենք ամեն ինչ կանենք, որ Լաչինի միջանցքը բացվի, որ այն պարտավորությունները, որոնք ստանձնվել են կողմերի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ի կատար ածվեն։ Բայց մտնել այդ խոսակցության մեջ և ինչ-որ ձևով նոր գործընթաց սկսել, դրանով նոյեմբերի 9-ը սարքել առ ոչինչ, դա, կարծում եմ, սխալ կլինի», – ասել է ՀՀ ԱԺ խոսնակը։
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը չի՞ գնալու որևէ բանակցության Լաչինի միջանցքի հարցով, Սիմոնյանն ասաց․ «Լաչինի միջանցքի հետ կապված բանակցություններ են եղել, մենք դրա պատճառով չենք գնացել այդ բանակցություններին։ Եվ դա մեր համար օրակարգային, առաջնային խնդիր է։ Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել, դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, որ հարց չլինի, թե ինչու են ՀՀ իշխանությունները կայացնում այս որոշումը։ Կողմ դառնալ և սկսել քննարկել, թե դրա դիմաց մենք ինչ ենք անելու, մենք չենք պատրաստվում»։
Սիմոնյանը նաև նշել է, որ այն, ինչի հիմա անում է Հայաստանը Արցախի համար մաքսիմալն է և նույնիսկ առավելագույնը, որ կարող է իրեն թույլ տալ։–0–