Հայաստանի Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ․ Փաշինյան

11.12.2024, 12:23
Հայաստանի սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում
Հայաստանի Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում»,- նշել է Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը երկիրը կդարձնի ավելի մրցունակ և կենսունակ աշխարհաքաղաքական նոր պայմաններում։ Ավելի ուշ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չափազանցություն է համարել այն կարծիքը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն է սահմանադրության փոփոխության պատճառը, իսկ հետո հաստատել է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի անկախության հռչակագրում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկու երկրների միջև խաղաղություն կարող է հաստատվել, եթե Հայաստանը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին և փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և այլ իրավական փաստաթղթերում։ Նրա խոսքով, Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ղարաբաղը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր, և այդ փաստաթղթի հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։