ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություններին:
Գրիգորյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և՛ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո խոսել է ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղություն ու կայունություն ապահովելու դարաշրջան բացելու մասին, հաղորդում է «Արմենպրեսը»:
«Այդ տրամաբանության շրջանակներում մենք նաև պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանաբար։ Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակներում էլ կատարվել են այդ հայտարարությունները և քաղաքական քայլերը»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Загружается новость ... "Лево"
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում այդ համագործակցությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը պիտի ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցից, քանի որ այդ հարցի բարձրացումը վնասակար է լինելու Հայաստանի համար, Արմեն Գրիգորյանն ասաց. «Շատ կարևոր է հաշվի առնել, որ մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի հետ, և պետք է տարանջատում մտցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններից, եթե այդպիսիք կան»։
Լրագրողի դիտարկմանը, թե թուրքական կողմը խոսում է նախապայմանների մասին, օրինակ, նախիջևանյան միջանցքի մասին, ու հարցին, թե հայկական կողմը ի՞նչ նախապայմաններ է միտված բավարարել, որպեսզի Թուրքիայի հետ երկխոսություն սկսի, Արմեն Գրիգորյանը նշեց. «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ՝ նախկին իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև, երբ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևէ հարցում առաջ գնալ։ Եվ մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորում կլինի առանց նախապայմանների։ Բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»:
Նշենք, որ սեպտեմբերի 19–ին Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել։ Ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։
«Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք», - ասել է Էդողանը։
Հաջորդ օրը Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների:
Նա հիշեցրել է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ», և Փաշինյանը միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում։–0–