ՀՀ–ն դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը․ վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ստորև ներկայացնում ենք Բաղդասարյանի Facebook–յան գրառումն ամբողջությամբ․
«2024թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է.
(մեջբերում) «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ» (մեջբերման ավարտ):
2025 թվականի հունվարի 8-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան և ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետությունը միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»։
Նշենք, որ հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մի քանի հայտարարություն է արել։ Նա, մասնավորապես, ասել է, որ մինչև հունվարի վերջ կկայանա սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը, նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է։ Ալիևը Հայաստանն անվանել է «ֆաշիստական պետություն»՝ նշելով, որ «այդ ֆաշիզմը կոչնչացվի կամ Հայաստանի ղեկավարության կամ մեր կողմից»: Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղություն և համագործակցություն է ցանկանում Հարավային Կովկասում, և «Հայաստանը չպետք է խանգարի մեզ, չպետք է աշխարհաքաղաքական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ Ալիևը նաև պահանջել է, որպեսզի Հայաստանը դադարի զինվել, իսկ արդեն մատակարարված զենքը վերադարձնի։ Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրն անհնար է առանց ԵԱՀԿ ՄԽ վերացման, Հայաստանի Սահմանադրության փոփոխության։