ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությանը
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու 2002թ.–ի հոկտեմբերի 7–ի արձանագրության վավերացմանը։
Փոփոխություններն առաջարկվել են Հայաստանի կողմից երկրի Մայր օրենքի փոփոխության կապակցությամբ, որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման և հանձնել բոլոր լիազորությունները վարչապետին։
Մասնավորապես, փոփոխություններով առաջարկվում է Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներառել անդամ պետությունների նախագահներին կամ կառավարության ղեկավարներին, եթե իրենց պետության օրենսդրության համաձայն`նրանք ունեն Հավաքական անվտանգության խորհրդի հետ կապված հարցերի ընդունման լիազորություններ։ Նմանատիպ դրույթ նախատեսված է նաև ՀԱՊԿ կանոնադրության մեջ։
Առաջարկված փոփոխությունների համաձայն, պետությունները, որոնք ՀԱՊԿ–ի անդամ չեն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են կառույցի բաց նորմատիվային իրավական բազայի ուսումնասիրման հարցում, կարող են ստանալ դիտորդի կարգավիճակ` առանց գործնական միջոցառումներին մասնակցելու պարտավորության։
Բացի այդ, պետությունները, որոնք ՀԱՊԿ–ի անդամ չեն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են կառույցի նպատակներն ու սկզբունքները և ցանկանում են հաստատել ու զարգացնել փոխշահավետ համագործակցության հարաբերություններ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ` կազմակերպության գործնական միջոցառումներին մասնակցելու պարտավորությունների ընդունմամբ։
ՀԱՊԿ–ում ներառված է վեց երկիր` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
Նախարարների կողմից փոփոխությունները համաձայնեցնելուց հետո դրանք կներկայացվեն երկրների առաջնորդների հավանությանը, որոնք կհավաքվեն աշնանը նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։ –0–

