ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված իր մեկնաբանությունում` ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի պնդմանը, թե «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք հակասում են վերոնշյալ հայտարարության դրույթներին»,- նշել է Նաղդալյանը:
Հադրութում իրավիճակի սրացման մասին
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Կիրակի օրը՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:
Ավելի ուշ դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, Հին Թաղեր գյուղը խաղաղապահների վերահսկողության տակ անցնելու մասին:
Այսօր քիչ առաջ ՊԲ-ից հայտնել են, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում շրջափակումից, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, մի խումբ հայ զինծառայողներ են դուրս բերվել:ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: -0-