ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը. Շոյգու

11.01.2022, 15:03
Շոյգուն հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը, այսօր ավելի վաղ Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ ուժերի առաքելությունն ավարտվել է, խաղաղապահների դուրսբերումը կսկսվի երկու օրից
ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը. Շոյգու
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կավարտեն իրենց առաքելությունը Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Այսօր ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունն ավարտվել է, խաղաղապահների դուրսբերումը կսկսվի երկու օրից և կզբաղեցնի 10 օրից ոչ ավել։

«Հավաքական խաղաղապահ ուժերն իրենց խնդիրները կկատարեն մինչև Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումը, բնականաբար, Ղազախստանի ղեկավարության որոշմամբ», – ասել է Շոյգուն երեքշաբթի խորհրդակցության ընթացքում, հաղորդում է Ինտերֆաքսը։

Նախարարի խոսքով, «հիմա ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կատարում են ռազմական, պետական և սոցիալական կարևոր նշանակության օբյեկտների պահպանման խնդիր»։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն` կազմակերպության խաղաղապահ ուժերը հունվարի 9–ին ավարտել են տեղակայումը Ղազախստանի տարածքում։

«Կարճ ժամկետում` ընդամենը 3 օրում, Ռուսաստանի ռազմական–տիեզերական ուժերի ինքնաթիռներով տեղափոխվել է անձնակազմն ու տեխնիկան։ Դա հնարավոր է դարձել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի օպերատիվ գործողությունների շնորհիվ, որոնք ձեռք են բերվել համատեղ զորավարժությունների, Սիրիայում ռուսական զորքերի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի տեղակայման ընթացքում ստացված փորձի արդյունքում», – նշել է Շոյգուն։–0–