ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստանից, հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կազմում ներգրավված ՀՀ ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, որոնք Ղազախստանի Հանրապետությունում կատարել են սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանության խնդիրները, ավարտելով «Ալմաթի» օդանավակայանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների բեռնումը, վերադառնում են տուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հայ, բելառուս և տաջիկ խաղաղապահների տուն վերադարձին ներգրավված են ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները։ Ղրղըզստանի խաղաղապահներն իրենց ընթացքով կմեկնեն մշտական տեղակայման կետ հաստիքային տեխնիկայով։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թ.-ի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել էին Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Խմբավորման կազմում ընդգրկված էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Ռուսական ստորաբաժանումների հիմնական խնդիրն էր Ալմաթիում հիմնական ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը։ 2022 թ.-ի հունվարի 13-ին սկսվել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորախմբի աստիճանական դուրսբերումը, որը կտևի մի քանի օր։–0–