ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գորիս-Կապան միջպետական մայրուղին չի մտնում ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ։ Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը
Այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ասաց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի նշանակում ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը փակել։
Նա նշեց, որ ԼՂ հարցը չի կարող լինել Հայասանի ու Ադբեջանի տարածքային ամբողջականությունների համատեքստում։
«Տարածքային ամբողջականություն ասելով՝ մենք հասկանում ենք ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանները, այն սահմանները, որով ՀՀ-ն ճանաչվել է որպես ՄԱԿ-ի անդամ պետություն»,- ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մտնում է այդ սահմանների մեջ, խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․
«Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես չի մտնում այն սահմաններիր մեջ, որոնք նկարագրված են 2010թ.-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:–0–