Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրում․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ գերիների հարցը քննարկվում է բոլոր ֆորմատներում, հնարավոր բոլոր հարթակներում, խաղաղության պայմանագիրը չպետք է ենթադրի գերիների հարցի քննարկում, հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Այդ հարցը ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվում են կազմակերպել այլ անձանց և գերիների վերադարձը, որը Ռուսաստանը և Ադրբեջանն այս փուլում չեն կատարում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պատրաստվում են նոյեմբերի 9-ի պայամանագրից իրենց ստորագրությունը հետ կանչել, թե ոչ։ Այս հարցը շատ կարևոր է»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է գերիների հարցը որպես նախապայման դիտարկվի Հայաստանի՝ Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ին մասնակցության հետ կապված՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Կարծում եմ, որ այդ քննարկումներն անելը դեռ վաղ է։ Նախ մի բան ֆիքսենք՝ Ադրբեջանը չի, որ COP29-ի հրավիրող կողմն է, դա ՄԱԿ-ի միջոցառումն է։ Հրավիրում է ՄԱԿ-ը, որովհետև դա այդ շրջանակներում է: Երկրորդը պետք է հասկանանք արդյոք մեր մասնակցությունը տեղին է, և արդյոք դա տեղի կունենա խաղաղաության պայմանագրի հնարավոր կնքման պարագայում, գերիների վերադարձի, լավ կլինի որ ամբողջը միասին տրամաբանության մեջ լինի»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Այս պահին Հայաստանի իշխանությունների որոշման մասին ոչինչ հայտնի չէ։
Հայ գերիների մասին
Պաշտոնապես Ադրբեջանը հաստատում է միայն 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կալանավորումը, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են ևս 80 հայ գերիների մասին:
Ադրբեջանում կալանքի տակ են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, արտաքին գործերի նախկին նախարար և նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։