ԵՄ անդամակցության հետևանքները մեր երկրի համար շատ ծանր են լինելու․ Քոչարյան

17.02.2025, 14:23
Նա նաև պարզաբանեց, թե ինչու է Հայաստանը այդ քայլն անում
ԵՄ անդամակցության հետևանքները մեր երկրի համար շատ ծանր են լինելու․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ակնհայտ է, որ ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է և այդ ճգնաժամը ունի մի քանի կոմպոնենտ՝ Առաջնորդության ճգնաժամ, շատ ակնհայտ է երևում, իմաստային ճգնաժամ և տնտեսական ճգնաժամ։

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ՀՀ–ում ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։

«Եվրոպական պրոյեկտը ինքը այսօր իսկապես ճգնաժամի մեջ է, և դա ամենից լավը հասկանալու համար լսեք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ելույթը Մյունխենի կոնֆերանսում երկու-երեք օր առաջ։ Ավելի լավ ես չեմ կարող ասել և կարծում եմ՝ ինքը իրավիճակը ներսից ավելի լավ կարող է գնահատել։

Մի հատ լսեք ԱՄՆ փոխնախագահի ելույթը Մյունխենի կոնֆերանսում։ Փայլուն ելույթ էր։ Եվ դահլիճում այն սառած դեմքերը, որոնց թվում էր, թե՝ էս ի՞նչ է ասում։ Իսկապես կա իմաստային և առաջնորդության ճգնաժամ ԵՄ-ում:

ԵՄ-ն իմ կարծիքով չի փլուզվելու, բայց ստիպված է լինելու բավական լուրջ բարեփոխումների ենթարկել ինքը իրեն։ Եվ առաջին հերթին ի՞նչ է անելու դրա համար, բոլոր գործընթացները ԵՄ-ին միանալու սառեցնելու են, չեմ կասկածում», – ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ կարող է արդեն հասունացած ինչ-որ մի երկու հարց որոշեն, բայց մնացած սառեցվելու է:

Քոչարյանը նաև թվեր ներկայացրեց. «Օրինակ, Շվեդիայում, 20 տարի առաջ բնակչության ընդամենը 2% էր ոչ Շվեդիայում ծնված մարդկանց, հիմա 20% -ն է: Իհարկե, դա պրոբլեմ է։ Արդեն այն քանակն է, որը չես կարողում դու մարսել քո արժեքային համակարգի մեջ, որովհետև արդեն քո արժեքային համակարգն է փոխվում դրանից։

Այն, ինչ արել են ԵՄ անդամակցության հարցում, նայեք, դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես: Դու գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է արդեն ինքը իրենով և այդ պրոբլեմային լինելը ընդունում է նաև ԱՄՆ-ն: Եվ դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում, որտեղ դու կաս այսօր։ Դու այստեղից ասում ես՝ ես գնում եմ, կորցնելով այն, ինչ որ այստեղ դու ունես, այնտեղ մտնելու հեռանկար ուղղակի չկա, զրոյական է: Հիմա սա սա խելքի մոտ բա՞ն է, բայց անում ենք»,- ասաց երկրորդ նախագահը։

Նա նաև պարզաբանեց, թե ինչու է Հայաստանը այդ քայլն անում։

«ԵՄ-ի ընկալումը Հայաստանում չափազանց դրական է, որովհետև մարդիկ նույնիսկ «եվրոռեմոնտ» բառ կա, չէ՞, «եվրոռեմոնտ»  նշանակում է «լավ ռեմոնտ»: Սա այսպես սիրուն փաթաթած մի բամբաներկա է, և 600 հազար վարչապետներին ասելու են՝ սա է, վաղը, մյուս օր այնտեղ ենք լինելու, այ դու այսպես ես ապրելու: Ըստ էության մարդկանց հերթական խաբելու ինչ-որ մի բանաձև է գտնվում, ենթադրում եմ նաև ընտրությունների հետ կապված, սա ամենից մեծ դրոշն է լինելու նախընտրական իշխանության համար։

Հիմա իրար հետ մրցելու են, ո՞վ է ավելի եվրոպամետ՝ ՔՊ-ն, թե՞ մյուս կուսակցությունը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր: Դա մի դրոշ է, որը տեղ չի տանում։ Ուրիշ նպատակ ես չեմ տեսնում։  Չեմ կարծում, որ այդ այդ աստիճանի չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Իսկ հետևանքները մեր երկրի համար շատ ծանր են լինելու, անկասկած։ Երկու աթոռի վրա չես կարող նստել, այդ երկու աթոռը իրարից շատ հեռու են։ Հիմա շատ կներեք, կամ քամակդ պիտի երեքմետրանոց լինի, որ այդ երկու աթոռի վրա նստես, դա էլ չունես։ Հիմա ի՞նչ ասեմ»,-ասաց նա: