ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում:
Загружается новость ... "Лево"
Բայրամովը հինգշաբթի հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանների դելիմիտացիայի հարցով բանակցություններ սկսել Հայաստանի հետ առանց նախապայմանների և միջազգային փորձի հիման վրա: Նշելով, որ երկու շաբաթ առաջ հայկական կողմը Ռուսաստանի միջոցով Բաքվին ներկայացրել է սահմանների դելիմիտացիայի գործընթացը սկսելու հետ կապված նոր առաջարկներ՝ նա հայտարարել է, որ առաջ են քաշվել որոշակի նախապայմաններ՝ հանձնաժողովի գործունեության և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի համար:
«Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է և հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում», - հայտարարել է Հունանյանը:
Նա նշել է, որ երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց իրագործումը:
Загружается новость ...
"Право"
«Սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ», - ընդգծել է նա:
ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով, Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձևակերպել:
«Ադրբեջանական կողմը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ: Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ», - ասել է Հունանյանը:-0-