438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)

19:41
16 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում շնորհավորել է ներկաներին 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002 թվականի մայիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի կապակցությամբ:

Մասնավորապես, վարչապետը ողջունել է ՀԱՊԿ առաջնորդներին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

«Իհարկե, մեր կազմակերպության հոբելյանը նաև շատ լավ առիթ է` որոշակի արդյունքներ ամփոփելու և կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար: Ալեքսադր Գրիգորին, իհարկե, բարձրացրեց ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցությանը վերաբերող շատ կարևոր հարցեր, և Բելառուսի նախագահը, պետք է ուղիղ ասել, անդրադարձավ բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ դրական շատ բան կա, քանի որ այն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում եղել է, կա և կլինի կարևորագույն գործոն: Ինչպես արդեն տեսնում ենք` այսօրվա հոբելյանական գագաթնաժողովում քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում այսօր իրավիճակը բավական լարված է: Եվ ցանկանում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց մասին խոսում էր Բելառուսի նախագահը:

Մեր կազմակերպության անդամ երկրների քվեարկության վերաբերյալ. իհարկե, այդպիսի խնդիր գոյություն ունի: Հաճախ մեր քվեարկություններն այնքան էլ համահունչ չեն, պետք է նկատել, որ սա նոր խնդիր չէ և երկար ժամանակ ուղեկցում է մեր կազմակերպությանը: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը, աշխատանքային կարգով այն բազմիցս քննարկվել է: Ակնհայտ է, որ այն հետագա քննարկման կարիք ունի:

Ինչ վերաբերում է փոխգործակցությանը և արագ արձագանքման մեխանիզմներին, ապա սա նույնպես շատ կարևոր հարց է Հայաստանի համար, քանի որ ինչպես գիտեք, նախորդ տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին` 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին դրույթով նախատեսված մեխանիզմները գործարկելու համար: Այդ փաստաթուղթը հաստատվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը:

Նաև երկար ժամանակ մենք բարձրաձայնում ենք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը: Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Սա նույնպես խնդիր է, և, անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:

Բայց ես ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի առանձնահատուկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում և ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել` Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին:

Կարծում եմ` արդյունքներն ամփոփելը շատ լավ է և կարևոր: Հայաստանը որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամ` հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և կազմակերպությունը համարում ենք անվտանգության և կայունության ապահովման առանցքային գործոն Եվրասիական տարածաշրջանի, Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, և ընդհանուր առմամբ, դրական ենք տրամադրված լիովին աջակցելու կազմակերպությանը և նրա հետագա զարգացմանը»:

Այնուհետև ՀԱՊԿ առաջնորդները ստորագրել են ՀԱՊԿ այսօրվա նիստի արդյունքներն ամփոփող փաստաթղթեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա