ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ղազախստանում տիրող իրավիճակի կապակցությամբ:
«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ», - նշվում է հայտարարության մեջ։
Ղազախստանում ստեղծված իրավիճակի մասին
Հունվարի սկզբից բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին Ղազախստանում, Մանգիստաուսկի շրջանի երկու քաղաքների բնակիչներն իրենց բողոքն էին արտահայտում հեղուկ գազի գների կրկնակի թանկացման դեմ: Ալմաթիում հունվարի 4-ին և 5-ին տեղի ունեցան բախումներ ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառեց գազ և լուսաձայնային նռնակներ: Ղազախստանի տարածքում անջատվեց ինտերնետը, ժամանակավորապես դադարեցվեց մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը:
Հունվարի 5-ի գիշերը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցրեց մի շարք մարզերում, իսկ հետո նաև Ղազախստանի ամբողջ տարածքում: Հունվարի 5-ին Ղազախստանի կառավարությունը հրաժարական տվեց, Տոկաևը մեղադրեց նրանց նման իրավիճակի ստեղծման մեջ և գլխավորեց Անվտանգության խորհուրդը՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին: Նույն օրը Տոկաևը դիմեց ՀԱՊԿ գործընկերներին՝ խնդրելով աջակցել ճգնաժամի պայմաններում: Հունվարի 6-ին Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորակազմերը, որոնց կազմում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի Զինված ուժերը:-0-