Այն, ինչին Ռուբեն Վարդանյանն առերեսվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, ծաղր է արդարադատության նկատմամբ և չունի արդարացում․ Լևոն Արոնյան

18.01.2025, 20:36
Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ արդարացում չունի, ասել է անվանի գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը
Այն, ինչին Ռուբեն Վարդանյանն առերեսվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, ծաղր է արդարադատության նկատմամբ և չունի արդարացում․ Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ արդարացում չունի, ասել է անվանի գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը։

«Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի: Նա երազում է համախմբել մարդկությանը և աշխարհին խաղաղություն բերել կրթության միջոցով։ Այն, ինչին նա առերեսվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, ծաղր է արդարադատության նկատմամբ և չունի արդարացում»,- գրել է Արոնյանը X սոցցանցում՝ թեգ անելով ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Միջազգային քրեական դատարանը և կիսվել Վարդանյանի՝ հունվարի 16-ի աղմկահարույց հայտարարությամբ։

Հունվարի 17–ինԲաքվում սկսվել է շինծու դատավարություն 15 հայ բանտարկյալների նկատմամբ։ Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել միջազգային հանրությանը և նշել, որ իրեն առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: «Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը: Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին: Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ», – նշել է Վարդանյանը։