ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Իշխանությունները խուզարկություններ են սկսել Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժմա առաջնորդ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր ընկերներից ոմանց բերման են ենթարկել և իրավապահ մարմինների վատագույն ավանդույթների համաձայն, գործ են կարում։ Մեր երկու ընկերներ արդեն կալանավորվել են։ Նրանք երկուսն էլ երեք պատերազմների մասնակից են։ Իշխանության այս հիստերիկ վարքագիծը շատ խոսուն է՝ ցայտնոտի մեջ են ու փրփուրներից են կախվում: Սպասելի՞ էր արդյոք մեզ համար Նիկոլի ու նրա կամակատարների նման պահվածքը։ Իհարկե այո։ 4 տարի շարունակ հասարակության մեջ սուտ ու կեղծիք, ատելություն ու թշնամություն ներարկող այդ արարածն ուրիշ ոչնչի ընդունակ չէ», - նշել է Սաղաթելյանը Facebook-յան իր էջում։
Սաղաթելյանի խոսքով, ժողովուրդն արդեն գիտի՝ ով ով է մեր երկրում։
«Ժողովուրդն արդեն մերժել է Նիկոլին ու իր ստոր կամակատարներին։ Նիկոլն ուշացել է։ Նրան այլևս ոչինչ չի փրկի։ Թող որքան ուզում է շատացնի իր ապագա քրեական գործի հատորները։ Միևնույն է՝ այս ամենի վերջը շատ շուտով կտրվի։ Սիրելի ժողովուրդ, կրկին խնդրում եմ սադրանքների չտրվեք։ Մեր ուղին շիտակ է, հաղթանակաը՝ անխուսափելի։ Վաղը ժամը 17։00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում», - եզրափակել է Սաղաթելյանը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում