ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի հարցով եռակողմ համաձայնագիրը տարածաշրջանի անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցեր է առաջացնում, ասաց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը հինգշաբթի լրագրողներին։
Загружается новость ... "Лево"
Նա նշեց, որ համաձայնագրի մասին իմացել է երեքշաբթի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառումից։
«Շատ զարմացած էի, և այդ լուրի մասին տեղեկացրեցի Փարիզին։ Այնտեղ տեղյակ չէին համաձայնագրի մասին։ Երեքշաբթի օրվանից մենք վերլուծում ենք այն։ Կարծում եմ` այն բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս», – ասաց Լաքոթը։
Որպես փաստաթղթի դրական կողմ նա նշեց կրակի ու ռազմական գործողությունների դադարեցումը`կարևորելով, որ քաղաքացիական բնակչությունն այլևս չի տանջվում, երիտասարդ զինծառայողներն էլ չեն զոհվում։
«Սակայն մենք վերլուծում ենք այս փաստաթուղթը, որը տարածաշրջանի անվտանգության հետ կապված շատ հարցեր է առաջացնում։ Եվ ինչպես նախօրեին ասել է Ֆրանսիայի նախագահը, մենք ուսումնասիրում ենք այդ փաստաթուղթն ու պայքարում ենք Հայաստանի շահերի պահպանության համար», – ասաց Լաքոթը։
Նա նաև նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից` առանց ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մասնակցության։
«Մենք չգիտենք փաստաթղթի էությունը, խոսքը միայն կրակի դադարեցման, թե՞ խաղաղ համաձայնագիր սկսելու մասին է։ Շատ հարցեր ունենք այն մասին, թե ինչպես է այն հավանության արժանացել, վավերացրե՞լ է այն խորհրդարանը։ Մենք ուսումնասիրում ենք փաստաթուղթն ու քննարկում ենք այդ հարցերը Հայաստանի իշխանությունների հետ», – ասաց Լաքոթը։–0–