Ալիևը հուսահատ փորձում է ժխտել իրականություն` հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը. ՀՀ ԱԳՆ

09.11.2020, 16:53
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ BBC–ին տված հարցազրույցում արված հայտարարությունները
Ալիևը հուսահատ փորձում է ժխտել իրականություն` հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «BBC» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները։

Загружается новость ... "Лево"

BBC–ին տված հարցազրույցում Ալիևը կեղծ է անվանել միջազգային լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ–ն կանխամտածված թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը։ Ալիևը նաև ասել է, որ լրատվամիջոցները դրսևորում են կանխակալ վերաբերմունք` նշելով, որ «ադրբեջանական ուժերը չեն հարձակվում ոչ ռազմական թիրախների ուղղությամբ»։

«Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից», – ասվում է Նաղդալյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ–ի պաշտոնական կայքում։

Նրա խոսքով, հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»:

«Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո», – հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։–0–