Ալիևը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները տեսնում է որպես իրենց իշխանության սպառնալիք. ՀՀ ԱԳՆ

26.06.2020, 22:12
Ալիևի ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք, հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը
Ալիևը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները տեսնում է որպես իրենց իշխանության սպառնալիք. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք, հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը N զորամասի բացման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը վերջին տարիներին գտնվում է խորը ճգնաժամի մեջ։

«Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում Ադրբեջանին առաջատար դիրքերի ապահովմամբ, տխրահռչակ լանդրոմատով, սեփական ժողովրդին խոսքի և այլ ազատությունների ճնշմամբ, բոլոր հիմքերն ունի կանխակալ վերաբերմունք ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին», – նշել է Նաղդալյանը։

Նա ասել է, որ հակամարտության շահարկմամբ ժողովուրդների հանդեպ թշնամանքի խրախուսման մեջ իր լեգիտիմությունը փնտրող Ալիև գերդաստանը պետք է ոչ թե դասարակագային ատելություն ցուցաբերի ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ առնվազն ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է ժողովրդավարության։

«Վստահ ենք, որ ժողովուրդներին կարող են հաշտեցնել և տարածաշրջանային խաղաղության և կայունությանը նպաստ բերել ոչ թե իշխանությունը ժառանգած, այլ ժողովրդի կողմից կազմավորված և ժողովրդի առջև հաշվետու իշխանությունները», – հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։–0–