ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը:
Ինչպես նշվում է Կրեմլի կայքում, զրուցակիցները քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքները:
«Ընդգծվել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների ամբողջական կատարման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն ուղղված աշխատանքի մեկնարկին նվիրված հարցերին», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պուտինն ու Ալիևը վերահաստաստել են, որ հետամուտ են երկկողմ հարաբերությունների ակտուալ օրակարգի հարցերով ընդգրկուն փոխգործակցության շարունակությանը:
Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Պուտինի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ, որը ևս նվիրված էր բրյուսելյան հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման աշխատանքների և սահմանների դելիմիտացիային ուղղված աշխատանքների մեկնարկի համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում