Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը.Փաշինյան

19.11.2021, 13:52
Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը
Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը.Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը։

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

«Ցավոք, այսօրվա հանդիպումն անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք հյուրընկալում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանն սպառնացող լուրջ մարտահրավերների», – նշել է Փաշինյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։

«Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը», – ասել է վարչապետը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ ՊՆ–ի հաղորդմամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ է անցել 2 մարտական հենակետ։ Հայկական կողմն ունի 6 զոհ, 12 զինծառայող գերեվարվել է, 24–ի զինծառայողի հետ կապը կորել է։ Հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։–0–