ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը

12.05.2022, 10:57
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»,- գրել է նա:

Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Պետդեպը՝ նշելով, որ կողմերը քննարկել են նաև «առաջիկա հստակ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում և սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և մնացած հայ ռազմագերիների ազատ արձակմանը»:

«Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել՝ փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին գտնել տևական համապարփակ խաղաղություն»,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ:–0–