ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկու կողմի ներկայացրած առաջարկների փաթեթը պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ՝ խաղաղության օրակարգի շուրջ:
Загружается новость ... "Лево"
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստի հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Խաղաղության օրակարգի հետ կապված, բնականաբար, մեր մոտեցումն այն է եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկված փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ՝ խաղաղության օրակարգի շուրջ: Մենք այս հարցը, բնականաբար, Բրյուսելում բարձրացրել էինք: Մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք: Բայց վերջին շրջանում նաև կան հրապարակային հայտարարություններ այս մասով»,- ասել է Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նշել է՝ հայկական կողմը խաղաղության օրակարգի շուրջ ինչ-որ պահի ընդհանուր հայտարարի գալու հույս ունի: «Քանի որ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի: Եվ այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի այդ երկու առաջարկների փաթեթը, որը պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել»,-նշել է նա:
Գրիգորյանը հավելել է, որ կշարունակեն աշխատանքը:
«Մենք հենց սկզբից էլ հասկացել ենք, որ խաղաղության գործընթացը դժվար գործընթաց է, և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Մեր օրակարգը շարունակում է նույնը մնալ, և փորձելու ենք առաջ շարժվել»,- եզրափակել է նա:–0–