ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի
հայտարարությունն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, այցելի Անթալիա՝ մասնակցելու դիվանագիտական համաժողովին:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում», - նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Չնայած վերջերս «Ղարաբաղի ազատագրումն» ու գործընթացը, որին մենք մինչև վերջ աջակցում ենք, ընկալվում են որպես պատերազմ, իրականում դա բանալի է դեպի խաղաղություն: Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, արվել են փոխադարձ դրական ուղերձներ: Մենք ուզում ենք, որպեսզի այդ գործընթացն արագանա», - ասել է Ֆուաթ Օքթայը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը կայցելի Անթալիա՝ մասնակցելու դիվանագիտական համաժողովին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ երկխոսության հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել Անկարայից՝ մասնակցելու մարտի 11-13-ն անցկացվող Անթալիայի դիվանագիտական համաժողովին: Միրզոյանի խոսքով, նրա մասնակցության հարցով վերջնական որոշում դեռ չի ընդունվել:-0-