Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգնված է․ VIVA հիմնադրամը պահանջում է անհապաղ միջամտություն միջազգային հումանիտար և բժշկական կազմակերպությունների կողմից

27.02.2025, 11:52
VIVA բարեգործական հիմնադրամի բժիշկները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորապես մտահոգված են Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ, ով ազատազրկված է Ադրբեջանի կողմից
Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգնված է․ VIVA հիմնադրամը պահանջում է անհապաղ միջամտություն միջազգային հումանիտար և բժշկական կազմակերպությունների կողմից

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ VIVA բարեգործական հիմնադրամի բժիշկները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորապես մտահոգված են Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ, ով ազատազրկված է Ադրբեջանի կողմից։

«Որպես մասնագետներ, որոնք առաջնորդվում են բժշկական էթիկայի սկզբունքներով և ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ» կոնվենցիայով, պարտավոր ենք հայտարարել, որ ստեղծված իրավիճակը ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին և պահանջում է անհապաղ միջամտություն միջազգային հումանիտար և բժշկական կազմակերպությունների կողմից», – նշվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

Նշվում է, որ հասարակության համար հասանելի տեղեկատվության համաձայն՝ մեկ շաբաթ շարունակվող հացադուլից հետո Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը լուրջ վտանգ է նրա կյանքի համար։ 

«Մենք պնդում ենք, որ անհատի կյանքի և առողջության պաշտպանությունը պետք է լինի անխախտ օրենք մարդկայնության համար, նույնիսկ ազատազրկման պայմաններում։ Միջազգային իրավունքի համաձայն՝ Վարդանյանը պետք է տեղափոխվի ստացիոնար բուժում և գտնվի որակյալ բժիշկների հսկողության տակ», – նշվում է VIVA հիմնադրամի հայտարարության մեջ։