«Մենք կհաղթենք, Հայաստանը կհաղթի». Tigran Arzakantsyan Foundation–ն ու Դեմկուսը միասին կմասնակցեն ընտրություններին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
22:18
18 Մայիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Tigran Arzakantsyan Foundation–ն ու Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երեքշաբթի Համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Փաստաթուղթը ստորագրեցին հիմնադրամի նախագահ Տիգրան Արզաքանցյանն ու Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը։
Հուշագրի նպատակները
Հուշագրի շրջանակում նախատեսվում է ձևավորել բաց կուսակցական ցուցակ և առաջադրել թեկնածու` 2021թ.–ի հունիսի 20–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Կուսակցության հնարավոր դաշնակիցներ կարող են դառնալ Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք իրականում անտարբեր չեն երկրի և ժողովրդի հետագա ճակատագրի նկատմամբ։ Տիգրան Արզաքանցյանի հիմնադրամի և Դեմկուսի համագործակցությունը իրական և հիանալի հնարավորություն է համախմբվել, մի կողմ դնել քաղաքական տարաձայնություններն ու խուսափել բախումներից։
«Մնում է հուսալ, որ հայերը կգտնեն բավարար խոհեմություն, որպեսզի չհայտնվեն «նախկինների» անհուսալի կոչերի թակարդակում։ Հուշագիրը ստորագրած անձինք չունեն քաղաքական հակառակորդներ։ Իրենց վարկաբեկած նախկին ղեկավարներն անգամ լավ գիտեն երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Սակայն նրանցից ոչ բոլորն ունեն խիզախություն խոստովանելու, որ հենց նրանք են Հայաստանը հասցրել ներկա իրավիճակին», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Տիգրան Արզաքանցյանն ու Դեմկուսը պատրաստ են դիմակայել այդ մարտահրավերներին, և դրա համար ունեն ուժեղ թիմ և ակտիվ քաղաքացիների հզոր աջակցություն։
«Մենք կհաղթենք, Հայաստանը կհաղթի», վստահ են հուշագիրը ստորագրած առաջնորդները։
Հայաստանն անդունդի եզրին է
«Վերջին շաբաթների ընթացքում մենք ականատեսն ենք դարձել Հայաստանի նկատմամբ կիրառվող սարսափելի ճնշման։ Իսկ ի՞նչ են անում մեր ղեկավարները` գործող և նախկին։ Նրանք պատրաստվում են ընտրություններին, փոխարենը գրավեն միջազգային հանրության ուշադրությունը, պահանջեն մեր ռազմավարական դաշնակցից` Ռուսաոստանից, ձեռնարկել ակտիվ քայլեր` ագրեսիան ճնշելու համար։ Թշնամիների օղակը նեղանում է, մեր երկիրը հալչում է աչքի առաջ, թվում է, թե մոտենում է նոր Մեծ ջրհեղեղ։ Եվ հայկական «տապանի» ղեկին այլևս տեղ չկա թույլ և ագահ մարդկանց համար։ Հեռացեք, քանի դեռ ուշ չէ, իսկ մենք կգնանք փրկության ճանապարհով և կհասնենք Արարատին», – հայտարարել է Արզաքանցյանը մինչև հուշագրի ստորագրումը։
Նա նշեց, որ այսօր առաջնահերթ և գլխավոր խնդիրը Հայաստանի անվտանգության և տարածքային անձեռնմխելիության ապահովումն է։
Արզաքանցյանը նաև ասաց, որ եթե չլիներ նման աննախադեպ, խայտառակ պարտություն, որը երկրին կանգնեցրեց անդունդի եզրին, նա չէր մասնակցի ընտրություններին։
«Ամբողջ աշխարհը պետք է հետաքրքրված լինի մեր սահմանների անձեռնմխելիության հարցում։ Մեր երկիրը պատմական արգելավայր է, քրիստոնեական հավատքի օրրան, քաղաքակրթության հասակակիցը։ Ոչ մի թշնամի չի կարող թալանել և պղծել հայկական արժեքները։ Տարբեր կողմեր նետվելն ու գաղտնի ակտիվությունը, որով զբաղվել են մեր երկրի նախկին ղեկավարները, հեռացրել են Հայաստանին մեր բազմամյա ռազմավարական դաշնակցից` Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ ինտեգրումը պետք է լինի համակարգված և բազմակողմ, անդրադառնա տնտեսությանն ու քաղաքականությանը, գիտությանն ու մշակույթին։ Բոլորն ու յուրաքանչյուրը կշահի հետագա մերձեցումից», – ասաց Արզաքանցյանը։
Նա կոչ արեց բոլորին, ով ուզում է և կարող է առաջիկայում և հետագայում օգտակար լինել երկրին, միանալ իրենց։
«Մենք կմնանք կանգուն, կհաղթենք, կվերադառնանք բնական զարգացման հուն։ Այս նպատակին հասնելու ճանապարհին ես պատրաստ եմ ամբողջությամբ իմ վրա վերցնել պատասխանատվությունն արդյունքների համար։ Սա իմ կյանքի ամենամեծ մարտահրավերն է` քրիստոնյայի և հայի պարտքը», – հայտարարեց Արզաքանցյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի ապագան իր ժողովրդի ձեռքում է։
Միասին` հանուն Հայրենիքի
Ինչպես իր հերթին նշեց Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը, չնայած Դեմկուսը հայտարարում էր ընթացիկ վիճակում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անթույլատրելիության մասին, այն չկարողացավ չմասնակցել և ընտրեց նման ձևաչափ։ Սարգսյանը նշեց երեք պատճառ։
«Մենք որոշեցինք գնալ ընտրություններին Արզաքանցյանի հիմնադրամի հետ, քանի որ ունենք մեծ ծրագրեր և անհրաժեշտ է համախմբել ուժերը։ Այսօր մեր առջև կանգնած է ազգային անվտանգության ապահովման և պետականության պահպանման խնդիրը։ Մենք չենք կարող մի կողմում մնալ` հույսը դնելով ապաշնորհ իշխանությունների վրա։ Գործող իշխանությունը չէր կարող, չի կարող և չի կարողանալու ապահովել պետության գոյությունն ու զարգացումը», – կարծում է Սարգսյանը։
Որպես երկրորդ պատճառ նա նշեց հայերի համախմբումը` Հայաստան, Սփյուռք և Արցախ, ինչպես նաև բոլոր ռեսուրսների օգտագործումը` արցախյան հարցի կարգավորման համար։
«Երրորդ պատճառը տնտեսական զարգացման հարցն է։ Եվ այստեղ կարևոր են Արզաքանցյանի հնարավորությունները, քանի որ անհրաժեշտ են ներդրումային ծրագրեր, որոնք կներշնչեն վստահություն», – ասաց Սարգսյանը։
Նա նաև կարևորեց արտաքին քաղաքականության ճիշտ ձևավորումը, առաջին հերթին` ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, միաժամանակ չմոռանալով այլ երկրների հետ դաշնակցային հարաբերությունների հնարավորության մասին։
Սարգսյանը հայտարարեց, որ ընտրություններին պայքարելու է ոչ թե ձայների 5%–ի համար, կուսակցության հնարավորությունները շատ ավելի լայն են։
Արզաքանցյանն իր հերթին նշեց, որ որոշել է միավորվել Դեմկուսի հետ, որպեսզի օգտակար լինի ժողովրդին։
Նա ասաց, որ միշտ ճիշտ է համարել կուսակցության մոտեցումներն ու գաղափարախոսությունն` ընդգծելով, որ դեռևս պատգամավոր լինելու ժամանակ ծանոթ է եղել Արամ Սարգսյանի հետ, և հիմա էլ նրանց կապում է մոտեցումների և ծրագրերի ընդհանրությունը։
«Պետք է լինենք միասին, որպեսզի դառնանք ավելի ուժեղ։ Թշնամին պետք է իմանա իր տեղը։ Այսօր նա իրեն թույլ է տալիս ներխուժել մեր տարածք և զգալ իրեն, ինչպես տանը։ Ես տեսել եմ դա սեփական աչքերով իմ փոքր հայրենիքում` Գեղարքունիքում և Սյունիքում։ Չէ՞ որ պետությունը սկսվում է սահմաններից։ Պետական սահմանը խախտածը պետք է խստորեն պատժվի։ Ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել։ Մենք պարտություն կրեցինք (44–օրյա պատերազմում, խմբգր.), բայց ունենք ուժ, և մենք այն ցույց կտանք», – ասաց Արզաքանցյանը։
Նա նաև նշեց, որ «մենք կորցնում ենք երկիրը, դա նախընտրական արշավ չէ։ Մենք ունենք շատ աշխատանք։ Եկեք կառուցենք ուժեղ երկիր։ Պատրաստ եմ ծառայել սեփական ժողովրդին և պետությանն` օգտագործելով սեփական կապերը», – ասաց Արզաքանցյանը։
Նա հիշեցրեց, որ սեփական կապերի շնորհիվ Հայաստան է բերել VIVA МТС բջջային օպերատորին, որի համար հայկական շուկա գալու պարտադիր պայման էր ակտիվ ներգրավվածությունը սոցիալական նախագծերին։
«Ես ներկայացրել եմ Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհում և արել եմ այդ աշխատանքը մեծ սիրով, փրկել եմ խաղողագործությունը, երկրում զարգացրել եմ գյուղատնտեսությունը, կատարել եմ խոշոր ներդրումներ և ստեղծել եմ աշխատատեղեր», – ասաց Արզաքանցյանը։
Հուշագիրը ստորագրած կողմերի մասին
Տիգրան Արզաքանցյանը 2003թ.–ին հիմնադրված Tigran Arzakantsyan Foundation–ի նախագահն է, Գավառի պատվավոր քաղաքացի, գործարար։
Արամ Սարգսյանը 30 տարի գլխավորում է Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը։ Մինչ այդ եղել է Հայկական ԽՍՀ–ի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը։–0–
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար