Սնուփ Դոգի ականջը կանչի, իշխանությունները շարունակում են իրենց թանկարժեք կյանքը․ Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի պետական պարտքն օրական աճում է շուրջ 2,5 միլիարդով, յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով՝ 5000 դոլար է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա համոզմամբ՝ այս ամբողջ իրականության մեջ բյուջեի հսկայածավալ վատնումներ են լինում։
«Այս օրերին շատ ենք խոսել դրա մասին։ Օրինակ՝ կապված տարբեր համերգների, Սնուփ Դոգի ականջը կանչի․ 6 միլիոն դոլար մենակ գնացել է նրա վրա, որ այդ գումարը տվել են, հիմա չգիտեն էլ՝ երբ, ինչ կլինի։ Տիեզերք արբանյակ են ուղարկում 8 միլիոն դոլար, հիմա էլ հպարտ հայտարարում են, որ դա ծախսել են, դա տրինաժոր է, որից պետք է մի քանի լուսանկար ստանան։ Չեմ ասում՝ հեծանվաարշավերի վրա, որ հսկայական գումարներ է գնում, չեմ խոսում ֆեստիվառների և այլ վատնումների մասին, դրանք շատ շատ են»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Դանիելյանի խոսքով՝ այս ամենը Հայաստանի քաղաքացիների հաշվին է։
«Հիմա էլ որոշել են հունվարի 1-ից 3 անգամ թանկացնել տրանսպորտի գինը և սա ցույց տալ որպես մեծագույն հաջողություն, որ մեր ժողովուրդը չի պատկերացնում՝ ինչ հաջողություն է տեղի ունեցել։ Թոշակառուն, որ 30,000 դրամ է ստանում, պիտի 3 ամիս թոշակը տրանսպորտի վրա ծախսի։ Սկզբում ստեղծեցին վճարման այս անհասանելի համակարգը, որը բերեց կոլապսի, մարդիկ հերթերի մեջ էին։ Իշխանություններն ինչպես շարունակել են իրենց թանկարժեք կյանքն ու ճանապարհորդությունները, մինչև հիմա էլ շարունակում են»,-հավելեց նա։