«Սասնա ծռեր» կուսակցությունը սկսել է Արցախը Հայաստանին միացնելու վերաբերյալ ստորագրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Սասնա ծռեր» կուսակցությունը սկսել է Արցախը որպես առանձին մարզ Հայաստանին միացնելու ստորագրահավաքի ընթացակարգ։ Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեցին կուսակցության ներկայացուցիչները:
Խմբավորման անդամ, «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ այս ընթացակարգի իրականացման որևէ հատուկ մեխանիզմի առաջնահերթություն դեռ չկա, և կուսակցությունը պատրաստ է քննարկում անցկացնել այս թեմայով:
«Անկախ ամեն ինչից` պետք է սկիզբ դրվի Հայաստանի քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու հարցին, որոնք գրանցում ունեն Արցախում, ինչպես նաև նրանց մասնակցությունը ներքաղաքական գործընթացներում»,- ասաց նա` նշելով, որ այդ նպատակով է սկսվում ստորագրահավաքը:
Այդ նպատակով ձևավորվել է «Սասնա ծռեր» կուսակցության արցախյան մասնաճյուղը, որը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում նշվում է, որ Արցախում գրանցված և այս փաստաթուղտը ստորագրած քաղաքացիները պահաջում են, որպեսզի ոստիկանությունը և Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Սահմանադրությանը, Ընտրական օրենսգրքին և «Հանրաքվեի մասին» օրենքին համապատասխան, ապահովեն իրենց ընտրական իրավունքի իրականացումը:
«Սասնա ծռեր» արցախյան կուսակցության համակարգող խորհրդի անդամ Մխիթար Ավետիսյանը հայտարարեց, որ 1988 թ.-ի ազգային-ազատագրական շարժման սկզբնական նպատակն էր Հայաստանի հետ միավորումը:
«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց իր հերթին, որ միաժամանակ կուսակցությունը փորձում է լուծել նաև Արցախի առաջ կանգնած աշխահաքաղաքական սպառնալիքը, որը նա բնութագրել է որպես «աբխազիզացիա»:
«Ի՞նչ կարգվիճակ ունեն այսօր Աբխազիան և Հարավային Օսեթիան: Նույն վտանգի առջև է կանգնած նաև Արցախը», - ասաց նա:-0-