«Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց

19.11.2024, 12:57
Ընդդիմադիր խմբակցությունն իրականացրեց «Ոչ 300 դրամներին» ակցիան
«Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց ընդդեմ տրանսպորտի թանկացման։

Խմբակցության անդամների ձեռքերում «Ոչ 300 դրամներին» ցուցանակներ էին։

«Հարգելի երևանցիներ, ոչ լեգիտիմ քաղաքային իշխանությունը որոշել է հունվարի1-ից տրանսպորտի գինը թանկացնել 300 դրամ։ Փորձում են տարբեր ձևակերպումների, խուճուճ փաթեթների միջոցով ծածկել իրենց որոշման բուն էությունը։ Գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ մայրաքաղաքի բնակիչների համար»,- նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն ընդունում են, որ փաստերի ճնշման տակ իշխանություններն ընդունում են, որ կա ստվերային շրջանառություն քաղաքային տրանսպորտի ոլորտում: Տարբեր հաշվարկներով՝ այդ ստվերը տարեկան կազմում է 30 միլիոն դոլար:

«Քաղաքացիական պայմանագիրը» 6 տարի Երևանում իշխանություն է և ստվերի վերացման հարցում կրավորական կեցվածք է ընդունել։ Դա ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ անձնական շահագրգռվածություն կա այդ հարցում»,-ասաց Սուքիասյանը։

Նա հայտարարեց, որ իշխանությունները չեն կարողանում «ստվերի» հարցը լուծել, քանի որ ցանկություն չունեն։

«Նախ թող «ստվերը» վերացնեն, տրանսպորտային համակարգի բարեփոխում իրականացնեն։ Միայն հետո կարելի է հասկանալ, թե ինչքան է տրամադրվելու բյուջեից որպես դոտացիա, որպեսզի գինը չթանկանա»,-նշեց Սուքիասյանը։

Նա հայտարարեց ստորագրահավաքի մեկնարկի մասին։