Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Բակո Սահակյանը. թերթ

20.09.2019, 12:25
Չի բացառվում, որ Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից Երևան զորք բերելու հանգամանքների վերաբերյալ:
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Բակո Սահակյանը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 1-ի մայր գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Այդ մասին հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ՀԺ-ի հետ զրույցում չմեկնաբանեց տեղեկությունը: Իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ նման տեղեկություն չունի, չի կարող ասել:

«Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից Երևան զորք բերելու հանգամանքների վերաբերյալ», - նշում է թերթը:

Ավելի վաղ սույն գործի անջատված մասով որպես վկա հարցաքննվել էին Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:-0-